Главная » 2014 » Сентябрь » 21 » Հայի Հայրենիք
6:48 PM
Հայի Հայրենիք

Հայրենի՛ք,

Քանդվել են պատերդ վաղուց ու մենք ենք շարվում պատի տեղ,
Ընկել են որդիքդ վաղուց, ընկել, զոհվել են հողում
Գնում են շարքերը նրանց...
Ու մնում...ու հավերժ մնում:
Հայրենի՛ք,
Դու քիչ չես արյուն թափել ու քիչ չես ներկվել արյունով,
Պակաս չես լացեոլ, տառապել 
Արաբից սերած սելուջիկից,
Սելջուկից ծնված քուրդ , թուրքից:
Քեզ քիչ չեն զարկել, Հայրենի՛ք,
Քեզ քիչ չեն ատել, Հայրենի՛ք,
Ոգեղեն, 
Հողեղեն Հայրենիք..
Դեռ 100 տարի առաջ
Արնախում մարդասպանն այն
Հոտերով մտավ մեր երկիր,
Ավերեց ու ջնջեց ամեն ինչ...
Խաչքարեր, գրեր, կոթողներ...
Ու սպանեց...ո՛չ տաս, ո՛չ հարյուր,
Այլ ջնջեց մեկ ու կես միլիո՜ն
Ծնված -չապրածի...
Թողեցին , որ մենք խենթանանք,
Թողեցինք ողջ մեռնենք, Հայրենի՛ք...
Որբացած թողին մանչերին,
Քեզ նման որբացած, իմ երկիր,
Թողեցին , որ ամբողջ կյանքում
Օտար ափերում ծվարած 
Աչքերով Մասիսները փնտրեն,
Մտքերով գնան Մուշ ու Վան,
Անիի ավերված վանքերում թողեցի՛ն, որ մոմ Չվառեն...
Ու մնաց հայը որբացավ...իր մորից, հորից, աշխարհից:
Ու մնաց դողացող ձայնով...«Ուստի՞ կուգաս, կռո՛ւնկ » երգելով ՝ 
Էդպես էլ կռունկ չտեսած...
 
Ուրեմն 23 տարի: Անկախությա՛ն 23...
Այնքան փոքր ու քիչ, որ ինձանից 9 տարի առաջ է ծնվել, իսկ ձեզ հետ, գուցե, տարիքային տարբերություն չունի: 
Հայաստա՛ն , իմ արիական երկիր, Մոնթեակերտ ու Նժդեհային Հայաստան, բերդի նման պինդ մնա, ոնց որ մնացիր Շուշիում, պինդ մնա, որովհետև դեռ Ջավախքում ու Վանում էլ ենք ստեղծելու մի նոր հերոսապատում, նոր «Հարսանիք լեռներում»:
Մնա այնքան ամուր, արմատներդ հողում մխրճած, ոնց որ մնացիր 1915-ին...մնա, որ 1.5 միլիոնի տեղը մե՛նք, մնացած 10 միլիոնս , վերջապես թքենք մեր մեջ հավաքված «վրեժի տիղմը»: 
Ուրեմն մնա, հա՞, Հայաստան: 
Պայքարի ոգին չի մարել: Պայքարի ոգին բոլորիս մեջ կա...սահմաններդ դեռ պահողներ կա՛ն, Հայաստան...պահողներ միշտ կան, ընդարձակողներ են պետք, մերը հետ բերողներ: 
Գիտե՞ս, թող 23-դ դառնա 230...թող 2300 դառնա...ու հավատացնում եմ, կլինեն...էլի կծնվեն Անդրանիկներ, Դավիթներ, Նժդեհներ, Մոնթեներ...կծնվեն «ՀԱՅ» կոչվածի ոգին պահողները : Կծնվե՛ն, Հայրենիք: 
Դեռ կգան Նժդեհի մարգարության «մարտիկները», կգա դեռ ՆՈՐ ՀԱՅԸ...
23-ը փաստորեն քիչ չի, չէ՞:  Ստրկության տարիներն են դարեր տևում...աչքներս թարթեցինք...ու մեծացանք: Երիտասարդ անկախություն...
Երկիրս, քեզնից հասնում էր, որ սահմանադրության մեջ ամրագրես «Անկախ , ժողովրդավար հանրապետություն» կոչումդ. ամրագրեցիր:  Մենք չենք անում մերը, մենք ենք ապրում աչքներս դիտավորյալ փակած, մենք մեզ չենք պահում ու քեզ ենք մեղադրում, Հայաստան: Խոստանում ենք փոխվել, Հայրենիք : (Կներես, որ ամեն տարի ենք խոստանում...ու գրում «սառույցի վրա):
Այնքան քաղցր...անուշ...բան է Հայրենիք ունենալը: Հայրենի՜ք...
թողնենք, որ ինքն էլ մեզ ունենա...թողնենք ՝ Հայրենիքն էլ զգա քաղցրությունը, հերիք եղավ , ինչքան ցավ զգաց...սպիները չեն «կորչում», չեն դադարում «ցավել», բայց չորանում են...ցամաքում...թող սպիանան վերքերդ, Հայաստան: Էլ չեմ ուզում ցավ զգաս, հերիք է...

Ուրեմն, հոգուս բոլոր թրթիռներով (ինչո՞ւ հոգուս ու ոչ թե սրտիս...որովհետև հավատում եմ անմահությանը հոգու), շնորհավորում եմ .Հայաստանս, Հայրենիքս, Երկիրս:
Սա հասարակ անկախություն չի, սա անկախության օր չի՛, սա քո օրն է ՀԱՅՐԵՆԻ՜՜՜՜Ք:

ՄՆԱ ԿԱՆԳՈՒՆ, ԱՄՈՒՐ, ՀԱՎԵՐԺ: ՄՆԱ ԱՅՔԱՆ, ՈՐ ՄԻԼԻՈՆ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԷԼ ԱՅՍ ՕՐԸ ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆ: ~
Просмотров: 326 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: