Главная » 2014 » Июль » 8 » «Կոմս Մոնտե-Քրիստո»
7:20 PM
«Կոմս Մոնտե-Քրիստո»

Գիրքը մարդու լավագույն ընկերն է, լավագույն ուղեկիցն ու խորհրդատուն, լավագույն ուսուցիչը: Մտքի թռիչք, բանիմացություն, շրջահայացություն, խելամտություն... ահա այն ամենը, ինչը ձեռք բերել հնարավոր է՝ առաջնահերթ որպես հիմք ծառայեցնելով գիրք կոչվող հրաշքը:
Այսօր կցանկանամ կիսվել Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստո» գրքով, որը կարդացել եմ մոտ 3 տարի առաջ: 
Այն կազմված է 2 հատորից:
 
Առհասարակ, գրքեր կարդալ անհրաժեշտ է միշտ, ցանկացած տարիքում. մի տարածված կարծիք կա, թե գիրքը յուրաքանչյուր տարիքում տարբեր կերպ է ընկալվում, և ես ինքս էլ համաձայն եմ այս մտքի հետ, սակայն չեմ կարող ասել, որ, թեև «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն կարդացել եմ 3 տարի առաջ, մեծ տարբերություն կտա իմ ըմբռնման մեջ, եթե այն կարդամ հիմա: 
 
..Այն բովանդակալից է և անչափ հետաքրքիր: 
..Այն պատմում է մարդկային խաբեությունների ու ազնվության, շողոքորթության ու անկեղծ ընկերության, դավաճանության ու հավերժական սիրո մասին:
..Այն հիմնովին փոխեց իմ մտածելակերպը, գաղափարները: Գրքի ասելիքը մեծ է, հասկանալը՝ ոչ այնքան դյուրին: 
 
Ընդհանրապես սիրում եմ Դյումայի գրքերը, ստեղծագործական ոճը: Նրա գրվածքներում առաջին հերթին ինձ գրավում են գունագեղ, պատկերավոր նկարագրությունները, սահուն մտքի թռիչքը, որի շնորհիվ կարդալիս՝ պատկերացնում ես նրա բնութագրած վայրերը, մարդկանց, ծառերն ու անգամ թռչունների ծլվլոցը: Նա ամեն ինչ պատմում է ամենայն մանրամասնություններով, ու հավատացեք՝ դա մեծ նշանակություն ունի գրական ասպարեզում. նախ՝ հաճելի է կարդալը, հետո՝ ավելի պատկերավոր ես ըմբռնում ընթացող գործողություններն իրենց ողջ բովանդակությամբ, իմաստով ու նշանակությամբ:
«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպում Ալ. Դյուման առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում մարդկային բնավորության ամենանուրբ գծերին. պատմվածքի տեսքով ներկայացնում է դավաճանության հետևանքների ու ներողամտության մոգական ազդեցության ներգործությունն ու իրական պատկերը: 
 
Առանց տարակուսանքի կարող եմ ասել, որ գիրքը միանգամայն կարելի է անվանել հրաշք: Այն անասելի մեծ փոփոխություններ է կատարում ընթերցողի մտածելակերպում, կյանքի հանդեպ ունեցած հայացքներում, դարձնում մարդուն ավելի զգուշավոր իր քայլերում, ինչպես նաև լայնացնում է մարդու մտահորիզոնը, սերմանում նրա մեջ ընկերասիրություն, համարձակություն, խելացիություն, նրբանկատություն և սրամտություն: 
 
Կա նաև գրքի սյուժեով նկարահանած ֆիլմ, սակայն, վստահեցնում եմ, այն գրքի կեսն անգամ չարժե..
 
 
Շատ գրքեր եմ կարդացել, սակայն «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն իր էությամբ տարբերվում է մյուսներից և որոշեցի հենց սա առանձնացնել ու խորհուրդ տալ կայքի ընթերցասեր այցելուներին: 
 
 
 
***
Ես ուրվականների սիրահար եմ և երբևէ լսած չկամ, որ մեռյալները վեց հազար տարվա մեջ այնքան չարիք գործեին, որքան ապրողները գործում են մեկ օրում:
***
Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել,
դժվարությամբ է հավատում իր երջանկությանը...
***
Ատելությունը կույր է, զայրույթն` անխորհուրդ, և ով արբենում է վրիժառությամբ՝ իրեն ենթարկում է դառը բաժակ ըմպելու վտանգին:
***
Այս աշխարհում չկա ո՛չ երջանկություն, ո՛չ դժբախտություն. թե մեկը, թե մյուսը հարաբերական են. միայն նա, ով անսահմանորեն դժբախտ է եղել, կարող է անսահման երջանկություն զգալ…Պետք է մահ փափագել, կյանքի քաղցրությունը զգալու համար…
***
Ցույց տուր, որ քեզ հարգում ես և քեզ կսկսեն հարգել…
***
Ովքեր ատում են ինձ, ուրեմն վախենում են ինձնից…
Կանայք օժտված են անսխալ կանխազգացումով, ունեն իրենց հորինած հանրահաշիվը, որի օգնությամբ կարող են բացատրել ցանկացած հրաշք…
/Հատվածներ գրքից
 
 
 
Կարդացե՛ք, հարգելինե՛րս, գիրքը իրոք մեծ ասելիք ունի:
Просмотров: 728 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: