Главная » 2014 » Июнь » 6 » Մի մոխրամանի պատմություն...
9:31 PM
Մի մոխրամանի պատմություն...

-Տիկին, որքան տեղյակ եմ դուք եք վերջին անգամ նրան տեսել:

-Այո, ճիշտ եք, ես էի վերջին անգամ նրան տեսել:

-Կպատմե՞ք որոշ մանրամասներ:

""-Սովորական աշխատանքային օր էր, երբ ժամը 18:00-ի կողմերը մի պատանի եկավ այն ռեստորանը, որտեղ ես աշխատում էի որպես մատուցողուհի: Նա նստեց բացօթյա մասում, և պատվիրեց միայն մեկ գավաթ սուրճ: Բազմաթիվ հաճախորդներ գնացին և եկան, սակայն նա կարծես միտք էլ չուներ դուրս գալու, մերթ նայում էր ժամացույցին, մեկ էլ կամաց-կամաց մթնող երկնքին: Մոտեցա նրան, կարծեցի ինչ որ բան կցանկանա, սակայն նա հրաժարվեց ու խնդրեց որ իրեն այդպիսի հարցերով այևս չմոտենամ: Շարունակ ծխում էր, կարծես ինչ որ բանի էր սպասում: Ես սկսեցի նրան ուշադրություն չդարձնել, ու շարունակել իմ աշխատանքը:

Արդեն հաճախորդները քչանում էին, ժամը 22:00-էր, իսկ մենք 30 րոպեից պետք է փակեինք ռեստորանը: Մինչդեռ նա իր տեղը նստած էր: Ինձ մոտեցավ մենենջերը.

-Այսօր, ցավում եմ, բայց դուք աշխատավարձ չեք ստանալու:

-Ինչպե՞ս, դուք անընդմեջ այն հետաձգում եք, ես աշխատում եմ այստեղ այդ գումարի համար, իսկ դուք....

-Լռիր, մնացած հարցերը տնօրենի հետ, իսկ ռեստորանը պետք է արդեն փակենք, այն պատանուն այնտեղից հանիր:

-Նա երկար ժամանակ է այնտեղ նստած է...

-Ինչ կապ ունի, ուզում եք բղավեք թող դուրս գա, ես շտապում եմ....

Այս ամենից բարկացած, մոտեցա պատանուն: Նա այնքան հանգիստ ու այնպիսի մտածող հայացքով էր նստած, որ իմ խիղճը չթողեց որ ես նրան ասեմ “դուրս եկեք”, սակայան զայրույթս էլ քիչ չէր ու ես բարձր տոնով հարցրի.

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

-Գուցե մոխրամանը փոխե՞մ: Չե՞ք հոգնել պարոն, ես Ձեր փոխարեն արդեն հոգնեցի:

-Մի աղմկեք տիկին, մի խանգարեք այս անդորրը: Գուցե ըմպեք մեկ գավաթ սուրճ ու հանգստանաք, կամ այս գիշերային խորը լռության մեջ նստեք, ու նայեք անսահման ու գիշերային լռությունից խորը տիեզերքին, որն իր գեղեցկությունն ու իրական դեմքը ցույց է տալիս այն ժամանակ, երբ մարդիկ քնած են...և գուցե խորանաք այդ անբացահայտ տիեզերքում ու բացահայտեք ինչ որ մի նոր բան, դառնալով մեր օրերի հանճարը, կամ…կամ գուցե միայն լուռ նայեք ձեր շուրջը, չէ՞ որ այնքան անարդար է այս աշխարհն ու կեղծ, որ եթե անգամ բարի ու ճիշտ խոսք ասեք, դա կխառնվի կեղծիքների հետ ու ձեռք կբերեք թշնամիներ, իսկ ձեզ թշնամիներ պե՞տք են: Կարծում եմ որ ոչ: Իսկ հիմա տեսնու՞մ եք, այն փայլուն աստղին…Տեսնու՞մ եք:

Նրա խոսքերն ինձ կարծես հանգստացրեցին ու հետաքրքրեց, թե ինչ է ցանկանում նա ասել.

-Այո տենում եմ, և՞:

-Դուք տեսնում եք մի բան, որ իրականում չկա, որ վաղուց անհետացել է, այն ինչքան էլ փնտրեք իրական կյանքում, չեք գտնի, որովհետև նա չկա, չկա և չկա.....դա նրա հետքն է, նա փայլում է մեզ համար, փայլում է նրա հոգին, որը կարծես ինչ որ ձևով ուզում է օգուտ տալ, ուզում է գեղեցիկ թվալ....

-Պարոն, ինչու՞ եք դուք դա ինձ ասում:

-Գիտեք օրիորդ, որքան հոգիներ են անհետացել երկրից այս ժամերի՞ն....գիտեք որ գիշերը մարդիկ քնում են նրա համար, որ չտեսնեն այն հոգիներին, որոնք բարձրանում են վեր, ու գիտեք ինչու է գիշերը լու՞ռ...որովհետև հոգիներից շատերը չէին հավատում որ գալու է այն ժամը, որ իրանք կանգնելու են դժոխքի ու դրախտի ճամփաբաժնին, ու գիշերը, երբ ստիպված հավատում են դրան, նրանք վախենում են, իսկ վախից՝ լռում, քանի որ այդժամ նրանց կառավարում է ինչ որ գերբնական ուժ, գուցե և Աստված է կառավարում....Իսկ նկատե՞լ եք, որ գիշերն անձրև ավելի քիչ է գալիս, քան օրվա մյուս հատվածում:

-Ուշադրություն չեմ դարձրել:

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

-Դա այդպես է, ու գիտե՞ք…Հոգիները, երբ հասկանում են որ շուտով պատասխան են տալու իրենց գործածների համար, միանգամից հիշում են իրենց արած վատ արարքները, ու անկախ իրենցից բարձրանում վեր, դառնում են ամպեր, ու առավոտյան հասկանալով որ այդ գիշեր նրանք լքելու են երկիրը, վախից, կատաղությունից հարվածում են իրար, ապա հասկանալով, որ ամեն ինչ անցել գնացել է, և փոխել ոչինչ չեն կարող արտասվում են: Ու այդ ամենը դուք տեսնում եք....այո, այո, մի զարմացեք: Մի՞ թե չեք տեսել, այն պահը, երբ ամպերը բախվում են իրար, շանթարգում, որից հետո անձրև է գալիս....հիմա կրկին հիշեք, ինչ էի ձեզ պատմում քիչ առաջ.....Նաև իմացեք, որ Աստված բարի է, ու գիտակցելով, որ մարդկանցից շատերը զղջում են իրենց մեղքերի համար, օգնում է նրանց, մինչ դեռ նրանք դա դեռ չեն տեսնում, չեն գիտակցում, ու շարունակ արտասվում են: Իսկ այդ արցունքները հասնում են Երկրի մակերևույթին, ջրում բնությունը` Աստծո կողմից ստեղծված հրաշքներից մեկը, ու թարմություն հաղորդում ծառին, ծաղկին.....Հետո նրանք կորում են...Կարծում եք ես հոգեկան եմ, ու ներկայացնում եմ ձեզ ջրի շրջապտույտը ինչ որ տարօրինակ ձևո՞վ: Ոչ, չկա ջրի շրջապտույտ, ես նոր բացատրեցի ամեն ինչ...այս աշխարհն այդքան էլ պարզ չէ, հետո՞ ինչ որ մենք շատ բաներ չենք տեսնում, ուրեմն դա չկա՞, ուրեմն ամեն ինչ այնպես է լինում ինչպես մե՞նք ենք հասկանում ու տեսնում…ոչ:

-Իսկ ու՞ր են կորում այդ ամպերը:

-Բարձրանում են վեր` դառնում աստղ, ու փորձում լույս արձակել, լուսավորել ինչ որ մի փոքր տեղ, ինչ որ գեղեցկություն դառնալ, մինչդեռ դա արդեն նրանց չի փրկում: Ու երբ սպառվում են, գնում են ավելի վեր` դժոխքի ու դրախտի ճամփաբաժնի առջև կանգնում: Իսկ հիմա լռեք, մի խանգարեք այս մեծ իմաստ ունեցող անդորրը: Խնդրում եմ ձեզ, գնացեք ու փակեք ռեստորանը, թողեք ինձ այստեղ մենակ:

Այս մտքերով ընկած, փակեցի ռեստորանն ու գնացի: Առավոտյան անձրևային եղանակ էր: Երբ հասա ռեստորանի մոտ, նկատեցի ոստիկանների ու բժիշկների....Ռեստորանի մուտքը փակված էր: Մոտեցա ոստիկաններից մեկին:

-Ես այստեղ եմ աշխատում, կասե՞ք ինչ է կատարվում:

-Տիկին, այստեղ մարդ է մահացել…

Այդ պահին բժիշկները դուրս հանեցին այն պատանու դին, ում հետ զրուցում էի երեկ....""

-Տիկին, շարունակեք պատմությունը խնդրում եմ:

-Ոչ պարոն քննիչ, խնդրում եմ լռեք, արդեն գիշեր է, մի խանգարեք նրան, նա բարձրանում է վեր…

Մի մոխրամանի պատմություն... - պատմություն, հորինված, հեղինակային

Просмотров: 339 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: